Ես ծնվել եմ Երևանում ։ Իմ ծնողները նույնպես Երևանում են ծնվել։Մորական տատիկս և պապիկս նույնպես բնիկ երևանցի են, իսկ ահա հորական տատիկս ծնվել է գյուղում։ Գյուղի մասին իմ պատկերացումները ձևավորվել են տատիկիս և հայրիկիս պատմվածքներով։
Տատիկիս գյուղի անունն է Ներքին Խոտանան։ Այն գտնվում է Սյունիքի մարզում Կապան քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Դա մի փոքրիկ գյուղ է, ունի 40-ից ավել տնտեսություն։ Գյուղը շրջապատված է անտառածածկ սարերով և շրջանի 11 գյուղերով։Ներքին Խոտանանը համարյա հարթ տեղ չունի, գտնվում է սարալանջի վրա։
Տարիների ընթացքում անձրևաջրերը հողը տարել են, քշել և գյուղի մի մասը ասես, ուղղակի քարերի վրա լինի։
Անտառները գտնվում են գյուղից 5-9 կմ հեռավորության վրա։ Այնտեղ աճում են արևելյան և վրացական կաղնի, բոխի, թխկի, վայրի կեռասենի, թթենի, ինչպես նաև՝ վայրի խնձորենի, տանձենի։
Պատմում են, որ գյուղի շրջակայքն ամբողջությամբ անտառածածկ է եղել։
Գյուղի մոտակայքում գտնվում է ոչ մեծ թփուտներով անտառ, որտեղ աճում են պնդուկ, հոն, ընկույզ, սալոր, մոշ, մոռ և այլն։
Գյուղի հարավային մասով հոսում է Խոտանան գետակը, որը թափվում է Ըջանան գետի մեջ։
Ներքին Խոտանան գյուղը շատ գեղեցիկ է, հատկապես՝ գարնանը և աշնանը։
Գարնանը շուրջբոլորը բազմերանգ ծաղիկներ են։ Ամենուրեք տարածվում է գարնանային ծաղիկների բույրը։
Ամառը երկարատև և տաք է, իսկ ձմեռը կարճատև ու մեղմ։
Ներքին Խոտանանում աշունը աննկարագրելի գեղեցիկ է։ Անտառները պատվում են գույնզգույն տերևներով, ամենուր դեղին, կանաչ և կարմիր երանգներ են։ Մինչև նոյեմբերի վերջ այնտեղ շատ տաք է, և արևը հաճելի ջերմացնում է։
Ներքին Խոտանանում կա ընդամենը մեկ հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, որը տեղադրվել է 1960թվականին։
Ես երբեք չեմ եղել Ներքին Խոտանանում, սակայն այնպիսի տպավորություն է, որ բազմիցս եղել եմ այնտեղ։