Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամեն օր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր, ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրներին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության՝ կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս, որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծննդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը։

Բնութագրիր կաղնուն։

Քո կարծիքով ավելի լավ է ապրել հազարավոր օրեր և լինել երջանիկ, թե ապրել մի օր, բայց շատ երջանիկ պահեր ունենալ։

Դուրս գրիր 5 հատ ածական։

Կրակի առասպելը

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Կուզես պայթիր

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Վիլյամ Սարոյան, Դավադրությունը

Դավադրությունը կայանում էր հետևյալում. L փողոցի տղաները պետք է երեք ոտնաչափ խորությամբ, վեց ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ մի փոս փորեին Կազակյանի դատարկ հողամասի միջով անցնող ամենակարճ ճանապարհի հենց մեջտեղում, որն սկսվում էր M փողոցից և հասնում մինչև L և M փողոցների միջև ընկած նրբանցքը:

Նրանք փոս պետք է փորեին կեսգիշերին, երբ շրջակայքում բոլորն արդեն վաղուց քնած են լինում, այնպես որ Աբգար Փոփքորնը, ինչպես նրան կոչում էին, որն առավոտյան առաջինն էր այդ ճանապարհով գալիս, ոչինչ չնկատեր:
Նրանք փոսը պետք է ծածկեին ձողիկներով, թերթերով և հողով:
Առավոտյան ժամը հինգն անց կեսին նրանք պետք է թաքնվեին Կազակյանի տան հետևում և նայեին, թե Աբգար Փոփքորնը ինչպես է ընկնում փոսի մեջ:
L փողոցի տղաներն էին Շիմշամյան եղբայրները՝ Հուսիկը և Ջազիրեն, որոնց կոչում էին Ֆասի և Ջազ, Մելքոնյան եղբայրները՝ Արսենը և Արտաշը, Չաղ Քիշմիշը, Շագ Բարեկոմյանը, Հայկ կամ Այք Արծրունին և Ջորջ Վրեժը: Սակայն դավադրության գաղափարը պատկանում էր Ֆասի և Ջազ Շիմշամյան եղբայրներին: L փողոցի վրայի նրանց տան բակը նայում էր ուղիղ Աբգար Փոփքորնի տան բակին՝ M փողոցի վրա: Եվ ահա, նրանց ճտերից երկուսը անցել էին փողոցն ու մտել Աբգար Փոփքորնի այգին, այդպիսով գերի ընկնելով նրան, թեև Աբգար Փոփքորն այդ հերքում էր, տղաներն էլ հիմա ուզում էին նրա հետ հաշիվ մաքրել: “L” փողոցի մյուս տղաները ճտերի պատմությունը չգիտեին, նրանց պարզապես դուր էր գալիս Աբգար Փոփքորնի համար փոս փորելու միտքը, այնպես որ նրանք փորեցին այդ փոսը, ծածկեցին ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր և առավոտյան ժամը հինգն անց կեսին բոլորով հավաքվեցին Կազակյանի տան հետևում: Աբգար Փոփքորնը “M” փողոցի իր տնից դուրս է գալիս ուղիղ վեցին տասնհինգ պակաս և քաղաք գնալիս միշտ անցնում էր Կազակյանի հողամասի ամենակարճ ճանապարհով, և տղաները վստահ էին, որ մի քանի րոպեից շատ արտասավոր բան են տեսնելու:
Ժամը վեցից քսան պակաս, “M” փողոցից հայտնվեց մի պստիկ կին և կարճ ճանապարհը բռնած քայլեց դեպի ծածկված փոսը: “L” փողոցի տղաները նման բան բոլորովին չէին նախատեսել, իսկ կինն այնքան հանկարծակի հայտնվեց և այնպիսի արագությամբ էր մոտենում թակարդին, որ բոլորը պապանձվել մնացել էին:
Վերջապես Չաղ Քիշմիշն ասաց Ֆասի Շիմշամյանին.
-Կարծես քո մայրն է, Ֆասի:
-Չէ, ասաց Ֆասին, — իմ մայրը տանն է, հաց է թխում:
-Ջազ, քո մայրը չէ, — ասաց Չաղ Քիշմիշը Ֆասիի եղբորը:
-Նա է, — ասաց Ջազ Շիմշյանը, — տեսնես ինչ է անում “M” փողոցում:
-Ջազի և Ֆասիի մայրն է, — իրար ասացին “L” փողոցի տղաները:
-Ինչ է հիմա չէք զգուշացնելու, — ասաց Հայկ Արծրունին:
-Ոնց զգուշացնեմ, — ասաց Ֆասին, — նա ինձ կսպանի:
-Պետք է կանգնեցնենք նրան, ասաց Վրեժը:
— Ձեզնից մեկնումեկը պետք է նրան կանգնեցնի: Հո չեք թողնելու ձեր մայրը փոսն ընկնի:
-Հիմա արդեն շատ ուշ է, — ասաց Ֆասի Շիմշամյանը:
“L” փողոցի տղաները շունչները պահած նայում էին, թե ինչպես տիկին Շոքի Շիմշամյանը պիտի ընկնի փոսի մեջ, որ իրենք փորել էին Աբգար Փոփքորնի համար:
Կնոջը մնացել էր ընդամենը երկու-երեք քայլ անել:
Նրանք տեսան, ինչպես նրա ձախ ոտքը դիպավ իրենց սարքած կեղծ ծածկին, որից հետո կինն ամբողջ մարմնով թեքվեց առաջ ու ընկավ փոսը:
Նրանք մի բարձր ճիչ լսեցին:
Ծուղակն իրոք որ հիանալի էր սարքված ու թաքցրած, ու լավ էլ գործեց:
Կնոջ անհետանալուց հետո “L” փողոցի տղաները շրջվեցին ու փախան:
Նրանք վազեցին, Սան Բենիտո փողոցով ուղիղ դեպի Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղագիծը, այնտեղից էլ դեպի Չինական թաղամաս, և միայն Չոնգ Ջանի խանութի մոտ վերջապես կանգ առան, որ մտածեն ու քննարկեն կատարվածը:
-Պայմանավորվեցին, որ իրենց կազմակերպության անդամներից և ոչ մեկը չպետք է խոստովանի, թե որտեղից է հայտնվել այդ փոսը և դրանով էլ գործը համարեցին վերջացած:
-Տիկին Շիմշամյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց այնուամենայնիվ, մի շաբաթ պառկեց:
-Բայց փոսը այդպես էլ մի քանի տարի մնաց Կազակյանի հողամասում և վերջապես լցվեց պարոն Կազակյանի տան աղբով:
-Ամեն առավոտ, վեցից տասնհինգ պակաս, քաղաք գնալիս, Աբգար Փոփքորնը նայում էր այդ փոսին:
Այն հաճելի փոփոխություն էր մտցրել նրա ճանապարհի ձանձրալի միօրինակության մեջ:

Առաջադրանք՝ ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Հավանություն ես տալի՞ս տղաների փայլուն փոս փորելու մտքին։
Բնութագրիր Աբգար Փոփքորնին։
Ինչպես դու կվարվեիր և ինչ կձեռնարկեիր, եթե լիների տղաներից մեկը։

Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրածխփել է տան պատերին, հատակին ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտըներս: Այսպես վտարվել է փետրվարը ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածումանընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան) Զատիկ բառը հատանել Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքովվերադարձ առ Աստված: Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը: Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրելտոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն ցորենը ցանում եսմեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը, որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը: Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց ԾառիԶատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր են դրել երիտասարդները և դրանց վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթըօդի, սպիտակուցը ջրի, իսկ դեղնուցըերկրի: Ձուն կարմիր ներկելով հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամերբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ, հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով փլավը, ձուկը, գինին ու կանաչեղենը: Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.

  1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
  2. Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
  3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
  4. Մի քանի հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
    Ժողովուրդն ասում է
    Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
    Կարմիր ձուն Զատկին կսազե:
    Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
    Զատիկն առանց ձվի չի լինի:
    Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
    Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
    Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
    Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
    Զատիկն ասել ահենց գամ արմանա, հենց գնամ զարմանա:
    Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Օգտագործված գրականություն` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», Եր., 2005

Եղիշե Չարենց ռուբայաթներ

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:


Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։


Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

Կարդում ենք Չարենց

Նախագծի ժամկետը՝
Փետրվարի 1-ից մարտի 13-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 7-րդ դասարանների սովորողներ

Նպատակը

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք ռուբայաթները
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենցը՝ դպրոցում
  • Չարենցի կերպարը հայ արվեստում
  • Չարենցը և բարբառայնությունները
  • Չարենցի բառաշխարհը

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը


Նյութեր իմ բլոգից այս նախագծի վերաբերյալ`

Եղիշե Չարենց` ռուբայաթներ

Փետրվար ամսվա ամփոփում գրականություն առարկայից

Արդեն գարուն է
Թումանյանի մտքերը
Քառյակներ. Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանի մեծ վիշտը
Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վահանում
Հովհաննես Թումանյանի սիրտը
Թումանյանն իր մասին
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:
Կարդում ենք Թումանյան
Չկա ոչինչ, որ այնքան
Նետում ես ոսկի նետերըդ

Իմ ինքնագնահատականը – 9

Արդեն գարուն է

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:


Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Design a site like this with WordPress.com
Get started