Արդեն գարուն է

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:


Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Գործնական քերականություն

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:

Զրնգալգազազել, սիրեցյալ, գրոհելծխալբզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:

  1. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:

Հաճախորդ, անձրևորդ, բացատբաճկոնբանվործամոն, լուսադեմ, գրպան, իշխան:

  1. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:

Քարածուխ, կրակմարիչքաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակտասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:

  1. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:

Գրաբեր, սուսերգրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:

  1. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:

Խստագույն, շագանակագույն, չարագույնհզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույնլավագույն, ցորնագույն:

  1. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:

Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջինչորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:

  1. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:

Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:

Տեղի – շուրջբոլորը, ամենուրեք, ներքև
Ժամանակի
– օրեցօր, այժմ, հավիտյան
Ձևի –
գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ
Չափի –
ամենևին, շատ, ամբողջովին

8. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:

Հանուն, առթիվպես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետհամար:

Ուսումնական տարվա ամփոփում․ «Պատմություն» առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Մենք ուսումնասիրում ենք Պատմություն առարկան, որպեսզի իմանանք թե ինչ է կատարվել անցյալում և ընդհանրապես ավելի շատ գիտելիք ձեռք բերենք աշխարհի մասին։

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Համահայկական առաջին թագավորությունն է եղել Վանի թագավորությունը։ Վանի թագավորության արքաներն են՝ Արամեն, Լուտիպրին, Սարդուրի Ա-ն, Իշպուինին, Մենուան, Արգիշտի Ա-ն, Սարդուրի Բ-ն, Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրմիենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն

Նրանցից հզոր են մի քանիսը ՝

Սարդուրի Ա-ն մ․թ․ա․ 830-ականներին հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ 
 Սարդուրիին հաջորդում է Իշպուինին՝ նրա որդին, ով իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։
Արգիշտի Ա-ն Վանի թագավորությունը հասցրել է իր հզորության գագաթնակետին։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։
Արգիշտիից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին ով նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։

Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Երկրորդ համահայկական թագավորության թագավոր է հռչակվել Պարույրը: Նրա մահից հետո Երվանդը ստեղծեց իր անունով հայկական նոր թագավորություն:

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Այդ արքայատոհմն է Արտաշեսյանները։

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ –  Մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Իմ ամենադուր եկած թեման է Վանի թագավորությունը և Եգիպտոսի մասին թեման։ Վանի թագավորության մասին թեման ինձ դուր է եկել, որովհետև մենք այն շատ և հետաքրքիր ենք ուսումնասիրել։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման – Վանա թագավորությունը և Եգիպտոսը

.քո նոր բացահայտումները – Շատ նոր բան եմ բացահայտել, օրինակ այն, որ հայերը թագավորություն են ունեցել Ք․ ա VII դարից սկսած։ Բացահայտեցի, թե որքան հզոր արքաներ են եղել Արտաշեսյանների թագավորությունում և ինչպիսի ահռելի սահմաններ է ունեցել հայաստանը։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել – Ցանկանում եմ ավելի խորքային ուսումնասիրել Եգիպտական մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև առեղծվածները կապված եգիպտական բուրգերի մասին։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Ձայնարկություններ 

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ,արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ,արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ – չրը՛խկ
ծվծվալ – ծը՛վ
կռկռոց – կը՛ռ
վայել – վա՛յ
թշթշոց – թը՛շ
ծլնգոց – ծլը՛նգ
թրխկոց – թրը՛խկ
տզզոց – տը՛զզ
թխկոց – թը՛խկ
բզզալ – բը՛զզ
շրխկան – շրը՛խկ

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկությունները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական – ու՜հ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ուռա՜, օ՜յ
կոչական – հե՜յ, փը՜խկ, հարա՜յ, ըհը՜, հո՛պ, տո՛, հա՜յ, յա՜, ա՛յ
նմանաձայնական – Ղա՜-ղա՜, կը՜ռ, ջու՜-ջու՜, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

վայ տալ գլխին – զղջալ
ախ անել – հառաչել
հարայ կանչել – օգնություն կանչել

Ապրիլ ամսվա ամփոփում պատմություն առարկայից

Հասկացությունների բառարան
Կրոնը, հռոմեկան մշակույթը (ապր․ 11 – 18 Առ․ 2)
Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը  (ապր․ 11 – 17 Առ․ 1)
Հանրապետական կարգի ճգնաժամը (ապր․ 4 – 10 Առ․ 1)
Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր (մար․ 28-ապր․ 3 Առ․ 2)

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։
Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:
Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։
Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։
Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի ետևը, մինչև վարազները ջրի գային։
Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։
Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։
Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։
Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։
Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։
Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։
Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։
Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։
Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։
Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։
Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։
Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։
Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…


Հարցեր և առաջադրանքներ:

Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Խլեզ – մողես
նախահարձակ – առաջինը հարձակվող, մեկի հարձակումը կանխող
կոկարդ – գդականիշ
խրտնել – վախենալ
միրհավ – հավազգիների ընտանիքին պատկանող թռչուն
բերդան – հրացան
քաթան – կտորի տեսակ
կնուտ – մտրակ

Նկարագրիր Մթնաձորի բնությունը և կենդանական աշխարհը:

Մթնաձորում ծառերը փտում և ընկնում էին, վարազները իրենց ժանիքներով փորում էին հողը, գայլերը դունչը լուսնին մեկնած ոռնում էին։ Այնտեղ մուգ կանաչ մաշկով խլեզներ կաին, ովքեր մարդու երես չեին տեսել։ Արևի տակ պառկում էին քարերի վրա, կարող էիք բռնել նրանց, նրանք Մթնաձորում մարդուց չէին փախչում։ Ամռան երկար օրերին արևը մի քանի ժամ էր լուսավորում Մթնաձորի անտառները։

Ըստ քեզ ո՞րն է պատմվածքի լարված պահը, ընդգծիր:

Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:
Ավին հիմա էլ ողջ է։

Բնութագրիր Պանինին:

Պանինը շատ գոռոզ և վատ մարդ էր։ Նա այդ իր արարքով ուզում էր ասել, որ նա կարող է կառավարել մարդու կյանքը և դա նրա համար խաղ ու պար է։ Ընդհանրապես նրան միևնույն էր ուրշի կյանքին վտանգ կսպառներ թե ոչ։

Պատմվածքում Մթնաձորի նկարագրությունն ինչու՞ է անհրաժեշտ:

Գործնական աշխատանք

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.

ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

  1. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:

Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

  1.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:

Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպ ագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 

Սփրթնել – գունատվել
ծաղրել – հեգնել
սարսափել – ահաբեկվել
աղաչել – աղերսել
սաստկանալ – ուժեղանալ
իշխել – տիրել

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:

Լուռումունջ – լռելյայն
ազնիվ – անկեղծ
մեծամիտ – գոռոզ
չնաշխարհիկ – չքնաղ
քաջ – խիզախ
սրտացավ – գթասիրտ

  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:

Վախ – երկյուղ
դրացի – հարևան
մրրիկ – փոթորիկ
երանգ – գույն
տրտմություն – թախիծ
կասկածանք – տարակուսանք

  1. Տրված բառերով կազմել նոր բառեր, որ դրանք լինեն երկրորդ արմատ։

շունչ –
աշխարհ – լեռնաշխարհ
ածուխ – քարածուխ
սարսափ – անսարսափ
օր – օրեցօր
վայր
որս – կենդանաորս
փետուր
գուն
գլուխ
պատառ
շուն



Design a site like this with WordPress.com
Get started