Եղիշե Չարենց ռուբայաթներ

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:


Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։


Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

Արդեն գարուն է

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:


Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Քառյակներ. Հովհաննես Թումանյան

——————–

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

——————–

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

——————–

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

——————–

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Չկա ոչինչ, որ այնքան

Չըկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական․․․

Խորն է կյանքն այս երեկո,֊
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո․

Եվ հայացքդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր

Լույսն է փռում իմ վրա․․․

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

Եղիշե Չարենց, բանաստեղծություններ

Ինչ որ լավ է
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչքան աշխարհ սիրես
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Երկու սև ամպ․ Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Պատրանք․ Հովհաննես Թումանյան

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Design a site like this with WordPress.com
Get started