Բանաստեղծություն, որ ծնվեց Վահանում

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…

— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,

Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,

Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,

Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Բանաստեղծության թողած տպավորությունը ցնցող էր։ Ներկաները այդ քերթվածն ընդունեցին որպես երիտասարդությանն ուղղված կոչ, իսկ հեղինակը նրանց համար դարձավ «ցեղին ավելի երջանիկ ու բախտավոր» ապագա գուշակող, «հոգիով սուրբ» հանճար։ Գրող և հասարակական գործիչ Հովհ. Ավագյանը բանաստեղծությունը գնահատեց որպես «…իմաստով կուռ, լեզվով ճոխ ու բովանդակությամբ հյութեղ ուղերձ մը, որ ամեն բանե առաջ, իրավ, հայ կբոլրե ծայրեծայր…»։

Վանից վերադառնալուց հետո Թումանյանը բավական ժամանակ իր այդ ճամփորդության տպավորության տակ էր։ Մխիթարականը նրա համար թուրքական բռնակալությունից նոր ազատագրված Վանի բնակչության խանդավառությունն էր, հատկապես երիտասարդության հերոսական ոգին, ազատ ապրելու նրանց ինքնագիտակցությունը։

Երկիր Նաիրի, երազ հեռավոր – Ձայնագրություն

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նըման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…


Մի՞թե վերջին պոետն եմ ես – Վահան Տերյան – Ձյնագրություն

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…


Ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ հենց առաջին տողերից այն ինձ գրավեց և հետաքրքրեց։ Միտքը շարադրված է գեղեցիկ, հանգավորված։ Այն ինչի մասին խոսում է Վահան Տերկյանը, կարծում եմ մեր օրերի համար արդիական է։ Վահան Տերյանը պատմում է հայրենիքի մասին այս բանաստեղծության միջոցով։ Այս բանաստեղծությունը Տերյանը գրել է ցեղասպանությունից հետո և շատ մտահոգված պատմում է երկիր Նայրիի մասին, թե ինչպես է իր երկիրը խոցված և այրված։ Այն միտքը, որը բանաստեղծության մեջ ասվում է․ « Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի », նա մտահոգություն է հայտնում, թե, արդյոք կունենա մշակույթային կամ՝ պարզապես ապագա։

Տերյանը նամականի

Վահան Տերյանի նամակներում տեսնում ենք, որ նա շատ ազնիվ, պարզ, անկեղծ անձնավորություն էր, սիրում էր ճշմարտությունը, երաժշտություը: Վահան Տերյանը ցանկանում էր, երբ իր հետ շփվող անձնավորությունը իր հետ մաքուր էր, ազնիվ, պարզ: Առանձնահատուկ արժեք ունեն նրա քնարական բանաստեղծի նամակները, որի բանաստեղծություններն ուղղված են մարդու զգացմունքներին: Նամակները օգնում են հետազոտողների գտնելու բանաստեղծի ստեղծագործության հիմքը: Կանգ չառնելով Վահան Տերյանի նամակագրական ժառանգության պատմության վրա, անհրաժեշտ է նշել, որ մինչ այժմ հրապարակված է բանաստեղծի ավելի քան երկու հարյուր նամակ, հասցեագրված երեք տասնամյակից ավելի անձանց: Տվյալ ժողովածուն պարունակում է տասնամյակների ընթացքում հասցեատիրոջ կողմից խնամքով պահպանված և երկար ժամանակ անհայտ մնացած 62 նամակ, որոնք Վահան Տերյանը գրել է Անթառամ Միսակյանին: Նամակները կարելի է դիտել որպես նամակագրական ժանրի առանձին մեծ արժեք ունեցող ստեղծագործություն։ Տերյանի 6 նամակ հասցեագրված է Անթառամ Միսակյանի կրտսեր քրոջը` Մարթային: Դրանք իրենց մեջ պարունակում են հետաքրքիր մտքեր և պոետի բանաստեղծություններին համահնչյուն տրամադրություններ: Վահան Տերյանը Անթառամ Միսակյանի հետ կապում էր բազմամյա բարեկամություն, որի հետ 8 տարի նամակագրության մեջ էր: Տերյանը շատ կարևորություն էր տալիս առաջին տպավորությանը: Նա ինչպես կյանքում, այնպես էլ պոեզիայում անկեղծությունն էր գնահատում, չէր կարող չգնահատել աղջկա այդ հատկությունը, մարդու ամենաթանկ սեփականությունը, նրա բարոյական գնահատման չափանիշը բանաստեղծը համարում էր անկեղծությունը: Մեզ հասած 1908 թ. նամակներից երևում է, որ այդ տարի Տերյանը նամակագրություն է ունեցել Ց. Խանզադյանի, Կ. Կուսակյանի և Ավ. Իսահակյանի հետ: Տերյանը չափազանց համեստ էր ու պահանջկոտ իր նկատմամբ: Բանաստեղծի խոստովանությամբ, նրա տրամադրություններն այնքան արագ են փոփոխվում, որ նա կարող է խոսել միայն տվյալ պահի մասին: Տերյանը հավանություն չի տալիս եսասիրությանը և մարդու մեջ բարձր է գնահատում այլասիրական զգացումները, արհամարում է ճղճիմությունը, գտնում է, որ պետք է բարձր լինել հիմար պայմանականություններից, որոնցով ապրում են միայն մանրախնդիր մարդիկ ու հիմարները: Երաժշտությունը նրա հոգին էր, որին ինչ որ հրաշքով էր լսում: Նրա երաժշտության մեջ նա չէր լսում իր հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ: Ահա թե ինչու երբեմն որևէ նշանավոր սինֆոնիա նրան չի հուզում, իսկ «Երգեհոնիկը աշնանային եղանակին խելքահան է անում»: Տերյանի անմոռաց ոգին, դեռ դարեր կդաստեարակի հայ երիտասարդներին: 

Վահան Տերյանի նամակները

Տերյանը երաժշտության մեջ

Վահան Տերյանը հայ պոեզիայի անդաստան մուտք գործեց քնքշության, մեղմության, նրբության իր ուրույն աշխարհով: Տերյանի բանաստեղծությունները երգային են, երգեցիկ ու երաժշտական: Կոմպոզիտորներն իրենց ստեղծագործության ատաղձը որոնում ու գտնում են այնպիսի բանաստեղծություններում, որոնք իրենց տաղաչափությամբ, կառուցվածքով, բնույթով, հնչեղությամբ, տրամադրությամբ նպաստավոր են երգի համար, երգային են: Այս իմաստով հայ գրականության մեջ հազիվ թե կարելի լինի մեկ ուրիշ բանաստեղծի համեմատել Վահան Տերյանի հետ, որի տաղաչափական արվեստն իր բազմերանգությամբ, քնարական շնչով, անհատի հոգու տեսանելի ու անտես ելևէջումներով բացառիկ մի երևույթ է հայ բանաստեղծության մեջ: Եվ պատահական չէ, երբ գրական ասպարեզի վրա հայտնվեց Վահան Տերյանը, ընթերցող հասարակայնությունն աննախադեպ ցնծությամբ դիմավորեց նրան: Տերյանը դարձավ մարդկանց մտքի ու սրտի տիրակալը և մնաց այդպիսին առ այսօր: Տերյանն ամեն սերնդի հետ ծնվող, ամեն սերնդի հետ ապրող բանաստեղծ է, հավիտենական ուղեկիցը հայ ժողովրդի: Տերյանի պոեզիան իր նուրբ, մտերմիկ քնարականությամբ, վառ պատկերավորությամբ և երաժշտականությամբ ոգեշնչել է շատ ու շատ կոմպոզիտորների, որոնք նրա խոսքերով գրել են տասնյակ երգեր ու խմբերգեր, ռոմանսներ ու սիմֆոնիկ ստեղծագործություններ:

Բազմաթիվ են անդրադարձները բանաստեղծի ստեղծագործությանը: Եվ դրանց շարքում ինքնատիպ է բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ Դավթյանի հրատարակած «Վահան Տերյանի պոեզիան երաժշտության մեջ» գիրքը, ուր անվանի երաժիշտների, երաժշտագետների և կատարողների ջերմ խոսքի հետ մեկտեղ նաև ի մի են բերված Վ. Տերյանի բանաստեղծությունների հենքով ստեղծված հոգեթով երգերի նոտաները: Ինչպես հեղինակն է նշում.

– Բանաստեղծի ներքին աշխարհից ծնված երգը մարդկային ցավի մի պատմություն է: Բանաստեղծը երգում է բնության երգը, մարդկային երջանկությունը, սիրո երգը: Նրա խոսքը մշտապես գերում է բնության և կյանքի գեղեցիկ ներդաշնակությամբ: 

Տերյանը՝ մարդ

Փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը։

Տերյանը տաղանդավոր բանաստեղծ էր։ Նա եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։

Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. «Բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի»։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։

Տիեզերքի, աշխարհի ու մարդու նկատմամբ սիրո տերյանական արտահատումից բացի մենք անվերջ կարող ենք հետևել նրա քնքուշ սիրուն առ կինը։

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Կնոջ նկատմամբ սիրո զգացումի տերյանական յուրահատկությունները ակնհայտ էին դեռ նրա առաջին բանաստեծություններում.

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Ընդունված է ասել, որ Տերյանը տխորության ու թախծի պոետն է։ Դա վառ արտահայտված է ոչ միայն նրա բանաստեղծություններում, այլ նաև նամակներում.

Սուսաննա Պախալովան՝ Տերյանի ճակատագրական կինը իր կյանքում հայտնվեց, երբ դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ:

Սուսանայի սերն իսկապես ճակատագրական էր բանաստեղծի համար։ Տերյանը մահանում է թոքախտից, որով վարակվել էր հենց Սուսաննայից: Օրենբուրգի իր սենյակում նա արտաբերում է Սուսաննայի անունը, այն պարագայում, երբ վերջին շրջանում նրան խնամում էր իր հաջորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը:

Ահա Տերյանի վերջին բանաստեղծությունը.

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։

Տխրության, անհամար սերերի կողքին չենք կարող չհիշել բանաստեղծի լուսավոր գործերը։ Չէ որ, հենց ինքն է ասում.

«Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպե՜ս լուսավոր»։

Ամենը գեղեցիկ տեսնելու մեջ է Տերյանի մոգականությունը։

Տերյանը՝ բանաստեղծ

ղցվբգֆգ - Ամեն ինչ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի 136 ամյակը

«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Սրանք Պարույր Սևակի խոսքերն են Տերյանի մասին։

Վահան Տերյանը պոեզիայի նոր սերնդի առաջնորդ է։ Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը: Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:

Վահան Տերյանի առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները»‎ լույս է տեսել 1908թ․ Թիֆլիսում։ Ժողովածուն շատ է սիրվել ընթերցողի կողմից։ Մթնշաղի անուրջներից հետո նա գրել է մի շարք ժողովածուներ՝  «‎‎Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Ոսկե շղթա», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ»։

Հասարակական և պետական գործիչ Տերյանը

1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Օգտագործելով խորհրդային կառավարության կողմից տրամադրված ավելի քան 6 միլիոն ռուբլի գումարը և 2 վագոն դեղամիջոցներն ու այլ ապրանքները, նա, վտանգելով իր կյանքը, գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ էր զբաղվում փախստականներին տեղի հայերի տներում և այլ կացարաններում տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում էր նրանց անվտանգությունը: Ընդսմին, պոետը, որին նրա լիրիկական բանաստեղծությունների պատճառով շատերը պատկերացնում են որպես երկչոտ և թախծոտ մարդ, ցուցաբերել է նախանձելի քաջություն և սառնասրտնություն` փրկելով իր պայուսակում պահվող 6 միլին ռուբլին, երբ գնացքը, որով նա մեկնել էր Կովկաս, գրավել են ավազակները: Նույնպիսի քաջություն պոետը ցուցաբերել է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ տեղի իշխանությունը ներկայացնող որոշ կոմունիստ ղեկավարներ զենքի սպառնալիքով պահանջել են, որ Տերյանն իր մոտ եղած գումարները տրամադրի իրենց կոմունիստական կարիքների համար:
Վահան Տերյանի այդ հայրենասիրական պահվածքի համար նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար: Հյուսիսային Կովկաս կատարած իր առաքելության շրջանակներում Վահան Տերյանը օգնել է նաև տեղի շնորհալի հայ երիտասարդներին, որոնցից մեկն էլ քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Տերյանը տրամադրել է նրանց փաստաթղթեր ու գումար և բացատրել է, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիական կռիվների հրում հայտնված իրենց բնակության վայրերից հասնեն Մոսկվա, որտեղ կկարողանան սովորել և հղկել իրենց բնատուր տաղանդները: Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ Տերյանը Մոսկվայում նույնպես հովանավորել է նրանց: Նշենք, որ Կենտգործկոմի` իշխանության այդ ժամանակվա բարձրագույն մարմնի նախագահը Լենինն էր:

Ձախ էսէռների 1918 թվականի հուլիսի 6-ի մոսկովյան խռովությունից հետո, երբ Լենինի հրամանով փակվել էին բոլոր «բուրժուական» կազմակերպությունները, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Նա, հղում կատարելով 1918 թվականի հուլիսի 19-ի Լենինի կարգադրությանը, ըստ որի Հայկական գործերի կոմիսարիատին պետք է հանձնվեին Ռուսաստանում գտնվող բոլոր ոչ կոմունիստական հայկական կազմակերպությունների փաստաթղթերը, շինությունները, ունեցվածքը և կապիտալը, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները, այդպիսով փրկելով նրա մեջ գտնվող գանձերը, որոնք հետագայում, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, վերադարձվել են Սբ. Էջմիածնին:
Տերյանը նամակներից մեկում այսպես է գրում .«…գուցե դրա համար է այրվում իմ հոգին,որովհետև իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է Նաիրյան բարձր հոգու տառապանքը կրել իրենց հոգու մեջ»:

Վահան Տերյանը չի ընկրկել, կռիվ է տվել Լև Տրոցկուն և Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին:

Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի բանակցությոնների ժամանակ, որոնց Տերյանը մասնակցել է որպես խորհրդական` առանց ձայնի իրավունքի, հերթական բուռն վեճից հետո զայրացած Տրոցկին Տերյանին կոչել է «արմյաշկա» վիրավորական անունով: Տերյանը բողոքել է հայկական տարածքները Թուրքիային հանձնելու Լև Տրոցկու մտադրության դեմ` որպես իր բողոքի փաստարկ ներկայացնելով Մոսկվայից իր պահանջով ստացված փաստաթղթերը: Դրանք վկայում էին, որ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ Եղեռնը հայերն այդ տարածքներում կազմել են բնակչության մեծամասնությունը:
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը իհարկե չէր կարող համակերպվել և հանդուրժել այդպիսի սկզբունքային, անվախ և հայրենասեր տեղակալի, որը Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր և Վահան Տերյանին հեռացրել է պաշտոնից` առանց պատճառների մասին հայտնելու: Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձևը` նրան գործուղել են Պարսկաստան և Թուրքիա` Թուրքեստանով: «Ժողովուրդների հայրը» ըստ երևույթին հաշվարկել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին: Չէ՞ որ տուբերկուլյոզով ծանր հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ` փակ էր քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում:

«Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում ու կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է- այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ»:

Գարուն. Վահան Տերյան – ձայնագրություն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Ըստ իս՝ այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ, զգացմունքային բանաստեղծություն է, պոետը, կարծես, ցանկություն ունի մեկին սիրահարվելու, սիրելու, և, քանի որ գարուն է, այդ զգացողությունները ավելի բուռն են։ Տերյանի այս բանաստեղծության այն տողերը կարդալիս, որտեղ պատմում է գարնանային երեկոյի մասին, հիշում եմ մեր գարնանային երեկոները՝ անց կացրած գեղատեսիլ Լոռիում, և շատ ջերմ զգացողություններ եմ ունենում։

Անծանոթ Աղջկան․ Վահան Տերյան – ձայնագրություն

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

«Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը շատ հաճելի ընթերցվող բանաստեղծություն է։ Այն պարզապես մի ակնթարթի մասին է, որը բանաստեղծը ապրել է փողոցում աղբյուրի կողքին այդ անծանոթ աղջկան հանդիպելիս։ Ինձ համար շատ զարմանալի է, որ Տերյանը իր կյանքի ամեն ակնթարթը վերածել է մի փոքրիկ, բայց շատ գեղեցիկ բանաստեղծության։

Design a site like this with WordPress.com
Get started