Իմ գյուղը

Հարցազրույցը հուզեց տատիկիս 😣

Ես ծնվել եմ Երևանում ։ Իմ ծնողները նույնպես Երևանում են ծնվել։Մորական տատիկս և պապիկս նույնպես բնիկ երևանցի են, իսկ ահա հորական տատիկս ծնվել է գյուղում։ Գյուղի մասին իմ պատկերացումները ձևավորվել են տատիկիս և հայրիկիս պատմվածքներով։

Տատիկիս գյուղի անունն է Ներքին Խոտանան։ Այն գտնվում է Սյունիքի  մարզում Կապան քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Դա մի փոքրիկ գյուղ է, ունի 40-ից ավել տնտեսություն։ Գյուղը շրջապատված է անտառածածկ սարերով և շրջանի 11 գյուղերով։Ներքին Խոտանանը համարյա հարթ տեղ չունի, գտնվում է սարալանջի վրա։

Տարիների ընթացքում անձրևաջրերը հողը տարել են, քշել և գյուղի մի մասը ասես, ուղղակի քարերի վրա  լինի։

Անտառները գտնվում են գյուղից 5-9 կմ հեռավորության վրա։ Այնտեղ աճում են արևելյան և վրացական կաղնի, բոխի, թխկի, վայրի կեռասենի, թթենի, ինչպես նաև՝ վայրի խնձորենի, տանձենի։

Պատմում են, որ գյուղի շրջակայքն ամբողջությամբ անտառածածկ է եղել։

Գյուղի մոտակայքում գտնվում է ոչ մեծ թփուտներով անտառ, որտեղ աճում են պնդուկ, հոն, ընկույզ, սալոր, մոշ, մոռ և այլն։

Գյուղի հարավային մասով հոսում է Խոտանան գետակը, որը թափվում է  Ըջանան գետի մեջ։

Ներքին Խոտանան գյուղը շատ գեղեցիկ է, հատկապես՝ գարնանը և աշնանը։

Գարնանը շուրջբոլորը բազմերանգ ծաղիկներ են։ Ամենուրեք տարածվում է գարնանային ծաղիկների բույրը։

Ամառը երկարատև և տաք է, իսկ ձմեռը կարճատև ու մեղմ։

Ներքին Խոտանանում աշունը աննկարագրելի գեղեցիկ է։ Անտառները պատվում են գույնզգույն տերևներով, ամենուր դեղին, կանաչ և կարմիր երանգներ են։ Մինչև նոյեմբերի վերջ այնտեղ շատ տաք է, և արևը հաճելի ջերմացնում է։

Ներքին Խոտանանում կա ընդամենը մեկ հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, որը տեղադրվել է 1960թվականին։

Ես երբեք չեմ եղել Ներքին Խոտանանում, սակայն այնպիսի տպավորություն է, որ բազմիցս եղել եմ այնտեղ։ 

Design a site like this with WordPress.com
Get started