Թումանյանի մտքերը

Արևը ստվեր չի տեսնում։
Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
Գեղարվեստը հայրենիք ունի:
Արվեստը  պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է:
Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես:
Գրականությունը ազգի հոգին է, և գրողներն` էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ:
Մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու. մենք՝ կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք կողք կողքի, ինչպես մեր հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ միմյանց թիկունքին և իրենց հիմքերով միացած:
Թշնամությունը մեր ժողովրդի մեջ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը՝ բնական ու շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում:
Թանկագի՛ն ուսուցիչներ և սիրելի՛ աշակերտներ, դուք էլ կռվում եք այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն և ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս, արդարություն:
Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ:
Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է: Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ:

Քառյակներ. Հովհաննես Թումանյան

——————–

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

——————–

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

——————–

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

——————–

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը:

Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Թումանյանի մեծ վիշտը

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր:

Բանաստեղծություն, որ ծնվեց Վահանում

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…

— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,

Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,

Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,

Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Բանաստեղծության թողած տպավորությունը ցնցող էր։ Ներկաները այդ քերթվածն ընդունեցին որպես երիտասարդությանն ուղղված կոչ, իսկ հեղինակը նրանց համար դարձավ «ցեղին ավելի երջանիկ ու բախտավոր» ապագա գուշակող, «հոգիով սուրբ» հանճար։ Գրող և հասարակական գործիչ Հովհ. Ավագյանը բանաստեղծությունը գնահատեց որպես «…իմաստով կուռ, լեզվով ճոխ ու բովանդակությամբ հյութեղ ուղերձ մը, որ ամեն բանե առաջ, իրավ, հայ կբոլրե ծայրեծայր…»։

Վանից վերադառնալուց հետո Թումանյանը բավական ժամանակ իր այդ ճամփորդության տպավորության տակ էր։ Մխիթարականը նրա համար թուրքական բռնակալությունից նոր ազատագրված Վանի բնակչության խանդավառությունն էր, հատկապես երիտասարդության հերոսական ոգին, ազատ ապրելու նրանց ինքնագիտակցությունը։

Հովհաննես Թումանյանի սիրտը

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։
1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։ Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։ Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։
1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։

Հայտնի է, որ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, այնտեղ գտնվող  բանաստեղծի որդին` Արեգը խնդրում է բժիշկներին Հովհաննես Թումանյանի սիրտը իրեն տալ: Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է.

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Անհանգիստ սիրտը

Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես  պահում են գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս՝  Հովհ. Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը:Բանաստեղծը մնում է գիշերելու Թումանյանների հարկի տակ և նրան տեղավորում են հենց նույն սենյակում:Ավ.Իսահակյանն ամբողջ գիշեր անհանգիստ է լինեում: Իսկ երբ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել, իր անքնությունը բացատրում է հենց հարազատ ու անանգիստ սրտի ազդեցությամբ:

Թերևս այս դեպքից հետո, ըստ որոշ  աղբյուրների հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:
Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։
Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։

Թումանյանն իր մասին

  • Ամենից առաջ…պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում…
  • Ուր մուտք են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերումներին:
  • Ես կրկնում եմ` շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք`շփոթված եմ:
  • Ես չեմ ուզում վերապրել իմ երախայրիքները`պատանեկան անփորձ գործերն են, և ավելի շատ պակասություններ ունին, քան արժանիքներ:
  • …Ես առաջ եմ գալիս ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովուրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ:
  • …Ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ  զգում եմ ի հոգու, իմ բարոյական ամբողջության վրա…
  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներներ են, դրանք իմ հոգու կենսագրություններն են:

Կյանքս արի հրապարակ…
Ճի՛շտ որ հրապարակ-Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:

  • Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՛ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

Կարդում ենք Թումանյան

Նախագծի ժամկետը` փետրվարի 14-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանի ամենահերոսը

Ընթերցումներ

Ինքնակենսագրություն
Թումանյանի սիրտը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում
Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի քառյակները
 Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից


Նյութեր իմ բլոգից այս նախագծի վերաբերյալ`

Թումանյանի մտքերը
Քառյակներ. Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանի մեծ վիշտը
Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վահանում
Հովհաննես Թումանյանի սիրտը
Թումանյանն իր մասին
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:


Երկու սև ամպ․ Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Պատրանք․ Հովհաննես Թումանյան

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Design a site like this with WordPress.com
Get started