Երկու սև ամպ․ Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Պատրանք․ Հովհաննես Թումանյան

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Աղբյուր․ Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»


Հայոց վիշտը․ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Թմկաբերդի առումը պոեմի նախերգանքը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Երկիր Նաիրի, երազ հեռավոր – Ձայնագրություն

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նըման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…


Մի՞թե վերջին պոետն եմ ես – Վահան Տերյան – Ձյնագրություն

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…


Ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ հենց առաջին տողերից այն ինձ գրավեց և հետաքրքրեց։ Միտքը շարադրված է գեղեցիկ, հանգավորված։ Այն ինչի մասին խոսում է Վահան Տերկյանը, կարծում եմ մեր օրերի համար արդիական է։ Վահան Տերյանը պատմում է հայրենիքի մասին այս բանաստեղծության միջոցով։ Այս բանաստեղծությունը Տերյանը գրել է ցեղասպանությունից հետո և շատ մտահոգված պատմում է երկիր Նայրիի մասին, թե ինչպես է իր երկիրը խոցված և այրված։ Այն միտքը, որը բանաստեղծության մեջ ասվում է․ « Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի », նա մտահոգություն է հայտնում, թե, արդյոք կունենա մշակույթային կամ՝ պարզապես ապագա։

Ованес Шираз. Стих о матери

Не спится мне в зимнюю стылую ночь,
бессонна и в небе луна.
Лишь маму я вспомню — и снова невмочь,
и сердцу опять не до сна.

Укрыта кладбищенской слезной землей
она на далекой меже.
Одно хорошо, что холодной зимой
она не замерзнет уже…

Գարուն. Վահան Տերյան – ձայնագրություն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Ըստ իս՝ այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ, զգացմունքային բանաստեղծություն է, պոետը, կարծես, ցանկություն ունի մեկին սիրահարվելու, սիրելու, և, քանի որ գարուն է, այդ զգացողությունները ավելի բուռն են։ Տերյանի այս բանաստեղծության այն տողերը կարդալիս, որտեղ պատմում է գարնանային երեկոյի մասին, հիշում եմ մեր գարնանային երեկոները՝ անց կացրած գեղատեսիլ Լոռիում, և շատ ջերմ զգացողություններ եմ ունենում։

Design a site like this with WordPress.com
Get started