Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: Այն չունի սահման այլ երկրների հետ:

Բնական պայմանները և հարստությունները
Կոտայքի մարզը ունի բնական պայմանների հարուստ միջավայր: Այնտեղ կան և բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրչեր, և մեղմաթեք սարավանդներ ու լայնարձակ գետահովիտներ: Գեղամա լեռներում գտնվող հրաբխային ապարների ստորերկրյա ջրերը դուրս են գալիս աղբյուրների տեսքով լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետի կիրճերում:
Հայտնի են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրեր հատուկ խողովակների միջոցով հասցնում են մինչև Երևան բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով: Հրազդան և Ազատ գետերի որոշ կիրճեր կարծես բնական հուշարձաններ լինեն: Շատ տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները:

Բնակչությունը
Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ: Սակայն ներկայիս բնակչության կազմի վրա մեծ ազդեցություն է ունեցել դեռևս 1830-ական թվ-ներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքների վերաբնակեցումը: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի զարգացումը պայմանավորված է Սևան-Հրազդան կասկադի, և դրա հիման վրա նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները
Կոտայքի մարզի ամենախոշոր քաղաքը Հրազդանն է, որը նաև մարզկենտրոնն է:Այն կառուցվել է Ախտայի և հարևան մի քանի այլ գյուղերի տեղում: Հրազդանը շատ լավ կենտրոնական դիրք ունի ոչ միայն մարզում, այլ նաև ամբողջ հանրապետության նկատմամբ: Դիրքի շնորհիվ այն լավ ճանապարհային ցանց ունի, որն էլ նպաստել է քաղաքի զարգացմանը: Քաղաքը գտնվում է Երևան-Սևան ավտոխճուղու վրա և նաև երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել այնպիսի էներգետիկ և անդյունաբերական հսկաների շնորհիվ, ինչպիսիք են երկրում ամենահզոր Հրազդանի ջերմաէլեկտրակայնը, ցեմենտի գործարանը և «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի մեծությամբ 2-րդ քաղաքը Աբովյանն է: Այն գտնվում է Երևանին շատ մոտ: Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին այնտեղ են կառուցվել բազմաթիվ գործարաններ, մեքենաշինության և էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:
Կոտայքի մարզի մյուս քաղաքներից են օրինակ Չարենցավանը, Նոր Հաճնը, Ծաղկաձորը: Վերջինս հայտնի է որպես առողջարանային կենտրոն, նաև որպես մարզական օլիմպիական համալիր, որտեղ թե ձմռանը և թե ամռանը հանգստանում կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից և արտասահմանից:
Կոտայքի մարզում են գտնվում հանքային աղբյուրների մոտ տեղակայված Արզնի և Հանքավան առողջարանները, Մարմարիկի առողջարանային գոտին`   բազմաթիվ ճամբարներով: 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started