Նախագիծ-Ամանորյա բացահայտումներ «Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

Ողջույն! Հիմա ես կպատմեմ տարբեր երկրների Նոր տարվա խորհրդանիշների մասին։

Ամանորը տոն է, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը տոնում է Ամանորը հունվարի 1-ին։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։ Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը։ Այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։


Նոր տարին, ըստ հայկական ավանդույթի, անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշ է: Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։

Հայերը հին ասացվածք ունեն. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով: Անկախ բնակության վայրից, հայն Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էր չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն էր:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն արևելյան Հայաստանում հայտնի էր նաև: երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ` խնամիների երդիկից ցած:

Ամանորի ավանդույթների մի մասն անմիջականորեն կապված էր կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ: Հայաստանի առանձին շրջաններում Նոր տարվա երեկոյան ընդունված էր «կաղանդելը»: Տարբեր շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին «տարեմտի քյութակ»` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում: Այն վառելուց հետո ածուխը թաղում էին դաշտերում, որպեսզի նոր տարին բերքառատ լինի, կորուստներ չլինեն:

Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ: Հատկանշական է, որ հունվարի 1-ին ուտեստների ցանկում, ըստ հին ավանդույթի, ներառվում էին այնպիսի ուտեստներ, որոնց անվան մեջ կար Ն տառը` Նգածաղիկ, Նուռ, Նուշ և այլն: Նոր տարվա ավանդական ուտեստներից են նաև «անուշ ապուրը» և «ղափաման»: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը: Հայաստանում Նոր տարվա մանկական միջոցառումներին ավանդաբար դիմավորում են Ձմեռ կամ Կաղանդ պապերին։


Տարբեր երկրներում տարբեր են Ամանորին առնչվող խորհրդանիշները:

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։ Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Չինացիները միմյանց տուն հյուր գնալիս 2 մանդարին են իրենց հետ տանում՝ որպես նվեր, իսկ հետ գնալիս տանտիրոջից նույնպես վերցնում են 2 մանդարին: Այս ավանդույթը կապված է չինարենում «մի զույգ մանդարին» և «ոսկի» բառերի համանուն լինելու հետ

Իտալիայում այնքան էլ անվտանգ չէ պատուհանների տակով քայլելը, քանի որ իտալացիները Նոր տարվա շեմին իրենց հին կահույքը դուրս նետելու սովորություն ունեն։ Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։ Իսկ իտալացի փոքրիկներն անկողնում են թողնում իրենց կոշիկը ու հավատում, որ Բեֆանա անունով փերին կգա և նվերներ կդնի կոշիկի մեջ:

Կուբայում նույնպես պատուհանների տակով քայլելն անվտանգ չէ, բայց ի տարբերություն իտալացիների՝ կուբացիները ոչ թե հին կահույք, այլ բաժակներով ու տարբեր տարաներով ջուր են թափում պատուհանից: Այդպիսով՝ սա խորհրդանշում է անցնող տարվա հաջող լինելն ու հույսը, որ գալիք տարին էլ այդպիսին կլինի։

Անգլիայում ընդունված է կեքսերի ու պուդինգների մեջ վեցպենսանոց դնելը, և նա, ում թխվածքի մեջ կլինի դրամը, հաջողություններ կունենա գալիք տարում: Անգլիայում նվերները պատվիրում են «Father Christmas» -ից։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին: Իսկ Շոտլանդիայում կարծում են, որ բուխարու կրակն այրում է անցնող տարվա վատ հիշողություններն ու անհաջողությունները, այդ պատճառով էլ ընդունված է լուռ նստել բուխարու մոտ և հիանալ կրակով։

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

Հունգարիայում տարբեր մանկական խաղալիք շեփորներով և այլ սուր ու տհաճ ձայն արձակող փողային գործիքներով քշում են չար ոգիներին: 

Մոլդովայում երջանկություն են «ցանում»: Միմյանց տներ այցելելիս գետնին շաղ են տալիս ցորենի, եգիպտացորենի հատիկներ, որ գալիք տարին առատ լինի:

Ճապոնիայում ամենաընդունված տոնելու ձևը եկեղեցիների զանգերի «կռիվն» է: Ըստ բուդդայական հավատալիքների՝ մարդուն բնորոշ է 6 չարիք՝ ագահությունը, որկրամոլությունը, անվճռականությունը, չարությունը, թեթևամտությունն ու հիմարությունը: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ, այդ է պատճառը, որ Ամանորի ուղիղ կեսգիշերին 108 զանգ է հնչում, որ մարդիկ ազատվեն այդ չարիքներից: 

Վիետնամում Ամանորը նշում են տանից դուրս՝ ընտանիքներով: Մթնշաղից հետո հավաքվում են խարույկի շուրջը և միմյանց բրնձից քաղցրավենիքներ են հյուրասիրում, որպեսզի մոռացվեն անցնող տարվա վիրավորանքներն ու տհաճ խոսակցությունները:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ: Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։ Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե։

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին:

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։ Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։ Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։

Այսօր աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքները և, նույնիսկ, որոշ երկրներ միլիոնավոր դոլլարներ են ծախսում Ամանորին հրարվեստի շոուների ցուցադրության համար։

Աղբյուրները՝ 1, 2, 3, 4, 5

Design a site like this with WordPress.com
Get started