Մարզկենտրոնը` Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 118 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 168,100
Բնակչության խտությունը` 61.1/կմ²
Մարզի ընդհանուր նկարագիրը
Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:
Բնական պայմանները և հարստությունները
Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները։ Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Մարզի կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Արագածոտնի մարզի քաղաքները
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոնն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասախ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը` մեր օրերում:Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: