Օրացույցի ստեղծման պատմությունը

Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ժամանակակից Գերմանիայի տարածքում ստեղծվել է այսպես կոչված Գոզեկի շրջանը, որի հաշվարկան համար հիմք է ծառայել ձմեռային արևադարձը։

Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059 օր։ Այդ պատճառով օրացուցային ամիսը պարունակում է 29 կամ 30 օր։ Լուսնային օրացույցներում տարվա տևողությունը հավասարեցվում է 12 ամսվա։ Դրան համապատասխան՝ լուսնային տարվա տևողությունը կազմում է 12 × 29,53059 = 354,36708 օր։ Օրացուցային տարում կարող է լինել 354 օր՝ սովորական տարի կամ 355 օր՝ նահանջ տարի։ Օրացուցային տարվա միջին տևողության և լուսնային տարվա տևողության հավասարեցման համար անհրաժեշտ է նահանջ տարիների ներդրման համակարգ։

Լուսնային տարին կապված չէ Արևի շուրջը Երկրի պտույտի հետ, այդ պատճառով ամեն տարի լուսնային օրացույցի և արևային օրացույցի տարբերությունը կազմում է 365,24222-354,36708 = 10,87514 օր։ Մոտավորապես 34 արևային տարին մեկ լինում է մեկ ավելորդ լուսնային տարի։

Լուսնի փուլերի փոփոխությունն ամենահեշտ դիտարկվող երկնային երևույթներից մեկն է։ Այդ պատճառով էլ բազմաթիվ ժողովուրդներ օգտագործել են լուսնային օրացույց։ Ժամանակի ընթացքում լուսնային օրացույցը դադարել է բավարարել բնակչության պահանջները, քանի որ երկրագործական աշխատանքները կապված են տարվա եղանակների հերթագայության, այսինքն՝ Արևի շուրջը Երկրի պտույտի հետ։ Դրա հետևանքով լուսնային օրացույցները, հազվադեպ բացառություններով, փոխարինվել են լուսնա-արևային կամ արևային օրացույցներով։

Լուսնային օրացույցի անհարմարություններից է նաև այն հանգամանքը, որ սինոդիկ ամսվա տևողությունն անընդհատ փոխվում է 29d6h15m մինչև 29d19h12m, ինչի պատճառը Լուսնի բավական բարդ շարժումն է ուղեծրով։

Ամսվա սկիզբը լուսնային օրացույցներում համընկնում է նեոմենիայի հետ (նորալուսնի առաջին հայտնվելը մայր մտնող արևի շողերում)։ Այդ երևույթը հեշտ է դիտարկվում, ի տարբերություն նոոալուսնի։ Նեոմենիան նորալուսնից հետ է մնում 2-3 օր։ Ընդ որում՝ այդ ժամանակի փոփոխությունը կախված է տարվա եղանակից, դիտման լայնությունից և սինոդիկ ամսվա ընթացիկ տևողությունից։ Դրա պատճառով հնարավոր չէ նույն օրացույցն օգտագործել տարբեր երկրներում։

Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 տարի։ Օրացուցային տարին արևային օրացույցում պետք է կազմի 365 (սովորական տարի) կամ 366 օր (նահանջ տարի)։ Օրացուցային տարվա տևողությունն արևադարձային տարվա տևողությանը մոտեցնելու համար գործում է նահանջ տարիների համակարգը։

Հուլյան օրացույցում նահանջ տարիների ներմուծումը կատարվում է յուրաքանչյուր չորս տարին մի անգամ մեկ օր ավելացնելով։ 400 տարվա ընթացքում ավելացվում է հարյուր օր, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,25 օր։ Այդպես տարվա միջին տևողությունը հուլյան օրացույցում 0,00780 օրով ավել է արևադարձային տարուց, ինչը 128 տարվա ընթացքում կուտակվում է և կազմում մեկ օրվա սխալ և գարնանային արևադարձի օրը խախտվում է։

Բազմիցս փորձեր են արվել զարգացնել հուլյան օրացույցը։ Նոր օրացույցը պետք է լիներ ավելի ստույգ և քիչ տարբերվել հուլյանից։ Գրիգորյան օրացույցում նահանջ տարիներն ավելացվում է գրեթե առանց փոփոխության. ավելացվել է մի կանոն, ըստ որի՝ նահանջ տարիներ են միայն դարավերջի այն տարիները, որոնց տարեթվի հարյուրյակների թիվը բաժանվում է չորսի առանց մնացորդի։ 400 տարվա ընթացքում լինում է 97 նահանջ տարի, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,24250 օր։ Մեկ օրվա սխալ կուտակվում է մոտավորապես 3300 տարվա ընթացքում։

Հուլյան օրացույցի զարգացման մեկ այլ տարբերակ է նոր հուլյան օրացույցը, որում նահանջ տարիների հերթագայությունը նույնն է, բայց ավելացվել է լրացուցիչ կանոն, ըստ որի՝ նոր հուլյան օրացույցում յուրաքանչյուր 900 տարին մեկ հանվում է 7 օր։ Դարավերջի տարին համարվում է նահանջ, եթե նրա տարեթիվը 900-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2 կամ 6։ Օրացույցի ցիկլը կազմում է 900 տարի, որի ընթացքում լինում է 218 նահանջ տարի։ Օրացույցի տարվա միջին տևողությունը կազմում է 365,24222 օր, ինչի արդյուքում մեկ օրվա սխալ կուտակվում է մոտավորապես 50 000 տարվա ընթացքում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started