Հնդկական զրույց
Արդար դատավոր
Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:
Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:
***
Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:
Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:
Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:
***
— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:
Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:
— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:
***
Բնության օրենք
— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:
— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:
— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:
— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:
Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:
— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:
— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:
— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:
***
Փոխհատուցում
Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:
Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…
— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:
Հարցեր և առաջադրանքներ:
Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
մերձավոր – մտերիմ
ապաստան – օթեվան
ձեղուն – տանիք
դեգերել – թափառել
Վեդաներ – վեդա՝ գիտելիք, ւսմունք, խոշոր տեքստային ժառանգություններ հնագույն Հնդկաստանից
սարսուռ – դող, սարսափ, վախ
ուղտավոր – երդում, խոստում, իղձ կատարող
Բրահմին – հինդուիզմում արարիչ աստված
թախանձել – խնդրել, աղաչել
սրտահոժար – ի սրտե համաձայն
առաքինություն – պարկեշտություն, ազնվություն, բարոյականություն
Զրույցի առանձին հատվածները վերնագրիր:
Անգղը պահանջում է
Բնութագրիր Ուշինարային:
Ուշինարան բարի էր, արդար էր և իմաստուն։ Նա ապաստան էր տալիս բոլոր կարիքավորներին և պատրաստ էր իրեն զոհել հանուն ավելի թույլի և անպաշտպանի փրկության համար։
Դուրս գրիր հիմնական ասելիքը ներկայացնող հատվածը: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
Այլ կերպ վերնագրիր զրույցը:
Արդարություն
1-ին և 2-րդ պարբերություններում գտիր -ավոր վերջածանցն ունեցող բառերը:
Դատավոր, մերձավոր, հեռավոր, ուխտավոր։
Տրված բարդ բառերի երկրորդ արմատները փոխելով նոր բարդ բառեր:
Օրինակ` սրտապատառ- սրտացավ
սրաթև- սրամիտ
պարտաճանաչ – պարտապան
նորանոր – նորաոճ