Հովհաննես Թումանյանի սիրտը

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։
1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։ Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։ Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։
1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։

Հայտնի է, որ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, այնտեղ գտնվող  բանաստեղծի որդին` Արեգը խնդրում է բժիշկներին Հովհաննես Թումանյանի սիրտը իրեն տալ: Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է.

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Անհանգիստ սիրտը

Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես  պահում են գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս՝  Հովհ. Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը:Բանաստեղծը մնում է գիշերելու Թումանյանների հարկի տակ և նրան տեղավորում են հենց նույն սենյակում:Ավ.Իսահակյանն ամբողջ գիշեր անհանգիստ է լինեում: Իսկ երբ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել, իր անքնությունը բացատրում է հենց հարազատ ու անանգիստ սրտի ազդեցությամբ:

Թերևս այս դեպքից հետո, ըստ որոշ  աղբյուրների հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:
Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։
Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։

Design a site like this with WordPress.com
Get started