Հին հայերի Նոր տարին

Հայերը տարբեր ժամանակաշրջանում Ամանորին տվել են տարբեր անվանումներ՝ Նոր տարի, Նավասարդ, Տարին գլուխ, Տարեմուտ, Կաղանդ: 

Տոմարի զարգացման փուլում տարեսկիզբ է համարվել Նավասարդ ամսի Արեգ օրը, որը համապատասխանում է հուլյան տոմարի օգոստոսի 11-ին և կոչվել է Ամանոր կամ Նավասարդ: Ըստ ավանդության՝ այդ օրը Հայկ Նահապետը մենամարտել և հաղթել է Բելին: Նավասարդը համընկնելով բերքահավաքի հետ՝ վերածվում էր իսկական բերք ու բարիքի տոնի: Աշխատավորները սեղանին էին դնում իրենց առաջին բերքը, իսկ տանտիրուհիները` իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը և չոր մրգերը: Հետագայում՝ հուլյան տոմարից հետո, մեր ժողովուրդն էլ քրիստոնյա շատ ժողովուրդների նման տարեմուտի առաջին օրը սկսեց նշել հունվարի 1-ին, իսկ Նավասարդ-Ամանորն էլ սկսեց կոչվել Նոր տարի: Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեր ժողովուրդը նշում է հունվարի 1-6-ը, իսկ հունվարի 6-ին եկեղեցու հետ միասին` Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը: 

Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր, Ամանորի եղբայրն էլ Վանատուրն էր, հյուրընկալության աստվածը:

Ինչպես են զարդարել տունը

Հնուց ի վեր Արևելյան Հայաստանում Ամանորին զարդարել են ձիթապտղի ծառ։ Ձիթապտղի ճյուղը տնկում էին գաթայի մեջ և այդ ճյուղը զարդարում էին տարբեր տեսակի չրեղենով, այնուհետև՝ տոնից հետո, որպես ծես մազ էին կապում ճյուղի վրա, որպես երկարակեցության խորհրդանիշ, ապա այդ ճյուղը վառում էին, իսկ վրայի չրեղենն օգտագործում: 

Սուրբ Ծննդյան օրը երեխանները խաչերով և մոմերով զարդարված դդում էին իջեցնում երդիկից: Մոմերի լույսը խորհրդանշում էր Քրիստոսի ծնունդը՝ նա ծնվեց և լույս բերեց աշխարհին: Բացի դա կար նաև «Գոտեկախ» կամ «Կախուկ», որի ժամանակ կախում էին գոտիներից ամրացված գուլպաները, որպեսզի տան անդամները  քաղցրավենիքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորությունն են խորհրդանշում։ 

Հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ: Կաղանդ Պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։
Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

Հայոց ավանդական կենցաղում, քանի որ Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասին, այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները: Պատրաստվում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան: 

Խորհրդանշական էր Ամանորի նախաշեմին թխվող գաթայի մեջ կոպեկ դնելը։ Գաթաները բաժանելուց հետո, ով կգտներ իր բաժնի մեջ կոպեկը` նա էլ համարվում էր գալիք տարվա հաջողակը։

Design a site like this with WordPress.com
Get started