Տարվա եղանակներից ամենից շատը սիրում եմ գարունը, քանի որ բնությունը կարծես զարթնում է, ամեն ինչ լցվում է վառ գույներով։ Գարունը ինձ միշտ լավ տրամադրություն է հաղորդում իր վառ արևոտ օրերով և զով երեկոներով։ Նույնիսկ գարնանային անձրևոտ օրերին տխրության զգացողություն չի լինում այնպես, ինչպես աշնանը։ Գարնան անձրևը նման է կենարար հեղուկի, որից հետո բնությունը ավելի է թարմանում և փարթամանում։
Գարնան ամեն ամիսը յուրահատուկ է։ Մարտը իր փոփոխական եղանակով, ապրիլը՝ գունագեղ ծաղիկներով և վառ կանաչ բուսականությամբ: Մայիս ամիսը ինձ միշտ հիշեցնում է ամառային արձակուրդների գալստյան մասին։ Սկսում եմ հիշել մայիսյան երեկոների զբոսանքները և բակային խաղերը։
Գեղատեսիլ Հայաստանով ճամփորդելու համար ամենահաճելի եղանակը ինձ համար գարունն է։ Եվ բնությունն է տարվա այդ ժամանակահատվածում յուրահատուկ գեղեցիկ լինում, և եղանակն է շատ հաճելի երկար զբոսանքներ կազմակերպելու համար։
Ինչպես Շիրազի հայտնի բանաստեղծության մեջ է ասվում.
-Թող գարունները գան ու չգնան…