Աղբյուր․ Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»


Հայոց վիշտը․ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․ԲՐՈՈՒՆ  ԱՐԾԻՎԸ

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։

Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։   Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ  մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի  ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

սեզ – հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս, որի մի քանի տեսակները մշակում են որպես կերաբույսեր, իսկ մի քանի տեսակները վնասակար մոլախոտեր են
արձակ – ընդարձակ
առափնյա – ափի տարածության վրա գտնվող՝ եղող:
ճղփյուն – Ջրի մակերեսին խփելու կամ ջրի մեջ ընկնելու ձայն

2 . Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։

Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը:

3. Համաձա՞յն ես այս մտքին.

Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: 

Հիմնավորիր պատասխանդ:

Իրականում, ոչ բոլոր մարդիկ են չարության մեջ ողողված, կան նաև բարի մարդիկ։ Իհարկե չար ու խորամանկ մարդիկ շատ են։ Մի հայտնի խոսք կա, ասում է մարդն ամենագիշատիչ և ամենավտանգավոր կենդանին է։ Եվ իհարկե մայր արծիվը վախենալով ամենավտանգավոր գազանից՝ մարդուց, խնդրում է չմոտենալ նրանց բնակարանին։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ։

Թմկաբերդի առումը պոեմի նախերգանքը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ճախարակ-մանելու հասարակ գործիք
ղաչաղ – Փախստական


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Ըստ ստեղծագործության՝ Թումանյանի գյուղում երեխաները ողջ օրը խաղում էին, իսկ մեծերը զբաղված էին իրենց առօրյա հոգսերով մինչ այն պահը, երբ գյուղ եկավ Սհակ վարժապետը։ Այդ օրվանից երեխաների կյանքը շատ փոխվեց։ Նրանք սկսեցին սովորել վարժապետի մոտ։ Սհակը վարժապետը շատ խիստ էր, չնայած, ինչպես Թումանյանն էր ասում, այն ժամանակ երեխաներին ծեծի միջոցով կրթելը սովորական երևույթ էր գյուղական համայնքներում։ Փոքր սխալի պատճառով վարժապետը կարող էր երեխային այնպես ծեծել, որ վերջինիս քիթ ու մռութը արյունոտ հեռացնեին դասասենյակից։ Ինչպես Թումանյանն էր ասում՝ դա մանկավարժական տեռոր էր։

3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ինքնակենսագրություն


4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Design a site like this with WordPress.com
Get started