Ամանորն Իտալիայում

Ամանորն Իտալիայում նշում են փողոցում, որտեղ անցկացնում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում մարդիկ սկսում են զբոսնել, ճանապարհներով և ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Իտալացիների համար շատ կարևոր է, թե հուվարի մեկին  փողոցում առաջինը ում կհանդիպեն: Եթե հուվարի մեկին իտալացուն  առաջին  հանդիպածը հոգևորական լինի, ապա դա վատ է, իսկ եթե նա տեսնի ծերունու, այն էլ սապատավոր, ապա դա շատ լավ է. նա երջանիկ  և հաջողակ կլինի: Որպեսզի հաջողությունը, լիությունն ու առատությունը չլքեն տունը ամբողջ տարի, առաջին օրը՝ հուվարի մեկին իտալացիները տուն են բերում մաքուր ջուր ձիթենու ճյուղի հետ միասին :

Նոր տարվա սեղանին իտալացիները անպայման դնում են ընկույզ, խաղող, ոսպ, որոնք համարվում են երկարակեցության, առողջության, բարեկեցության խորհրդանիշ։ Առաջինը պատրաստում են ոսպով կերակրատեսակներ, որպեսզի նոր տարին լինի փողառատ, քանի որ ոսպը նման է փոքր դրամների:

Իտալացիները սեղան են նստում երեկոյան ժամը 9-ին։ Համարվում է, որ սեղանին պետք է լինի 13 տեսակի ճաշատեսակ, որը հաջողություն կբերի նոր տարուն: Սեղանին դնում են նաև ձկնեղենից կերակրատեսակներ, հնդուհավ : Եթե Նոր տարուն  իտալացին ուտի ձկնկիթ, ապա այն նրան հարստություն կբերի։

Իտալական Ձմեռ պապը ՝ Բաբբո Նատալե, որը նշանակում է Սուրբ Ծննդյան պապիկ, երեխաներին նվերներ է բերում ոչ թե Նոր տարուն, այլ՝ Սուրբ Ծնունդին: Երեխաները սպասում են նաև բարի փերի Բեֆանային, որը գիշերն է գալիս կախարդական ցախավելի վրա նստած: Նա ոսկե բանալիով բացում է այն սենյակների դռները, որտեղ քնած են երեխաները և նվերներով է լցնում  մանկական գուլպաները, որոնք կախված են լինում բուխարու մոտ: Իսկ այն երեխաները, որոնք իրենց անկարգ են պահել, փերի Բեֆանան նրանց մոտ թողնում է ածուխ կամ մոխիր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started